Ջերմային երևույթների բազմազանությունը
Տաքացնելիս կամ սառեցնելիս մարմինների հետ տեղի են ունենում որոշ փոփոխություններ. մարմինները մի վիճակից անցնում են մեկ այլ վիճակի, սեղմվում են կամ ընդարձակվում: Այս փոփոխություններն ընդունված է անվանել ջերմային երևույթներ:
Օրինակ
Ջերմային երևույթներ են՝ հալումն ու պնդացումը, գոլորշացումն ու խտացումը, եռումը, ջերմային ընդարձակումը:
Հալում և պնդացում
Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում:
Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:
Որպեսզի նյութը հալվի, անհրաժեշտ է այդ նյութը տաքացնել մինչև որոշակի ջերմաստիճան: Բյուրեղային նյութերի համար այն խիստ որոշակի ջերմաստիճան է:
Այն ջերմաստիճանը, որի դեպքում նյութը սկսում է հալվել, կոչվում է հալման ջերմաստիճան:
Օրինակ
Մի շարք նյութերի հալման ջերմաստիճանը (°C)
սնդիկ | -39 | արծաթ | 962 | երկաթ | 1539 |
սառույց | 0 | ոսկի | 1064 | պլատին | 1772 |
անագ | 232 | պղինձ | 1085 | վոլֆրամ | 3387 |
կապար | 327 | չուգուն | 1200 | ցինկ | 420 |
ալյումին | 660 | պողպատ | 1500 |