Էրեբունի բերդաքաղաքի մասին, Արգիշտի Առաջին

Վանի թագավորությունը  (Ուրարտու)

Հին ու նոր ոչ մի երկիր չի ունեցել այնքան մեծ թվով մայրաքաղաքներ, որքան ունեցել է Հայաստանը: Գտնվելով Արևելքի և Արևմուտքի սահմանագլխին, Հայաստանը դարեր շարունակ դարձել էր ռազմական բախումների ոլորտ, երկարատև պատերազմների ասպարեզ:

Արտաքին թշնամիների պարբերաբար կրկնվող հարձակումները հարկադրել են երկրի մայրաքաղաքը հաճախակի մի տեղից տեղափոխել մի այլ՝ ավելի ապահով տեղ: Հայաստանն ունեցել է 13 մայրաքաղաք: Դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Արշակավան, Դվին, Բագարան, Երազգավորս, Կարս, Անի, Երևան: Ահա, թե ինչու են օտար հեղինակները Հայաստանը կոչել «թափառող մայրաքաղաքների երկիր»: Բագարանից և Երազգավորսից բացի, մեր մյուս մայրաքաղաքները խոշոր քաղաքներ են եղել և մեծ դեր են խաղացել մեր ժողովրդի  կյանքում: Նախահայկական շրջանում Վանը հայկական լեռնաշխարհում (պատմական Հայաստան) կազմավորված հայկական (Նաիրյան) ցեղերի առաջին պետության՝ Ուրարտուի մայրաքաղաքն էր և իբրև այդպիսին, չի կարող իր տեղը չգրավել հայոց մայրաքաղաքների համաստեղության մեջ:

Վան քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 9-րդ դարի առաջին կեսում: Հնագույն այդ շրջանում այն կոչվում էր Տուշպա: Իսկ քաղաքը Ուրարտական պետության կենտրոնական շրջանի՝ Բիայնա երկրի անունով հայերը կոչել են Վան: Վան անունը ուղղակի համարում են Բիայնայի հայկական տառադարձությունը և նշանակում է “Ապրելու տեղ, բնակավայր”, այդ պատճառով էլ Վան բառի հետ Հայաստանում առաջացել են բազմաթիվ բնակավայրերի անուններ (Երվանդավան, Արշակավան, Զարեհավան, Նախճավան, Վանեվան և այլն): Վանը կոչել են նաև Շամիրամակերտ կամ Շամիրամաշեն՝ Ասորեստանի Շամիրամ թագուհու անունով: Վանի թագավորության նվաճումները սկսվեցին Մենուա I-ի օրոք (մ.թ.ա. 810-786թթ.) և շարունակվեցին մոտ կես դար: Մենուան գրավեց հայկական ցեղերով բնակեցված՝ Վանա և Ուրմիա լճերի միջև ընկած երկրամասերը, ինչպես նաև Եփրատ գետի աջակողմյան շրջանները, որտեղ նա կառուցել տվեց նոր քաղաքներ, բերդեր, պալատներ, տաճարներ, անցկացրեց ջրանցքներ: Վան մայրաքաղաքի մերձակայքում Մենուայի անցկացրած ջրանցքն ուներ 72 կմ երկարություն, 4,5 մետր լայնություն, 1,5 մետր խորություն: Այն այժմ էլ պահպանվում է: Մենուայի որդու՝ Արգիշտի առաջինի օրոք մ.թ.ա. 786-764թթ. Վանի թագավորության զորքերը ներխուժեցին Արարատյան դաշտ, որտեղ մ.թ.ա.782 թ. Արգիշտին հիմնադրեց Էրեբունի-Երևան բերդաքաղաքը, մ.թ.ա. 776թ. Արգիշտիխինիլի (Արմավիր) քաղաքը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *