Հայկական ավանդական Ամանորի մասին

Ամանորի ավանդույթների և ծիսական ուտեստների մասին։

Ամանորի ծիսակարգը բազմազան էր, բայց սկսվում էր ամենասովորական մաքրությունից: Տունը, ամբարը, ախոռը, մարմինը մաքրելը և Նոր տարին մաքուր սկսելը ամենաառաջին պայմանն էր: Նորոգվում էին հին իրերն, իսկ խափանվածները՝ դեն նետվում: Հետո սկսվում էր տան ձևավորման պատասխանատու հատվածը: Զարդարանքներն ունեին ոչ միայն գեղագիտական, այլ նաև չարխափան նշանակություն: Ամանորի նախօրեից սկսած օջախի կրակը չէր մարվում, իսկ կրակին անընդհատ ջուր էր եռում: Եթե ընտանիքում գժտություն կար, աշխատում էին լուծել գժտության առիթը, հաշտեցնել գժտվածներին: Նույն կերպ գժտվածներին փորձում էին հաշտեցնել հասարակական միջավայրում:

Պատկերի նախադիտում

Ուտեստներ

Տոները սովորաբար ուղեկցվում էին առատ ու ճոխ ուտեստների պատրաստմամբ։ Ճոխ հյուրասիրությունը ունենում էր նաև ծիսական խորհուրդ, որտեղ առանցքային դեր էր հատկացվում որոշակի ուտեստներին։

Հայոց ավանդական կենցաղում Ամանորը համընկնում էր Սուրբ Ծննդյան պասի հետ, և այդ իսկ պատճառով ամանորյա ուտեստների շարքում գերակշռում էին պասին հատուկ ուտելիքները։ Պատրաստում էին լոբի, ոսպով քյուֆտա, բլղուրով և բրնձով տոլմա, բլղուրի և սիսեռի խառնուրդից գնդիկներ, ավելուկով աղցան, տարբեր տեսակի հատիկեղեններից պատրաստած առանց մսի տոլմա։ Հատիկեղենի առատ օգտագործումը կյանքի հարատևության խորհրդանիշ էր։

Շատ մեծ նշանակություն էր տրվում մրգերին և ընդեղենին։ Դեռ աշնանից սկսում էին կուտակել չորամրգերը, աղանդերն ու պաստեղները (թթու լավաշ): Որոշ շրջաններում ամանորյա սեղանի ուտեստների քանակը հասցնում էին յոթի: Պատրաստում էին բրնձով, ծեծած ցորենով, սիսեռով, լոբով, ոսպով ուտեստներ, չորամրգերով քաղցր ապուրներ, որոնց անվանում էին «Մարիամապուրներ», թխում էին չամիչով և ընկուզեղենով գաթաներ, բանջարեղենային խյուսեր և այլն: Որոշ շրջաններում քաղցրավենիքի սեղանը դրվում էր առանձին․ այդ պղնձե կլոր սեղանն անվանում էին «պրկիշ»: Մրգերի տեսականու հարցում ևս թիվը փորձում էին հասցնել յոթի: Երբեմն պրկիշը դնում էին թոնրի վրա: Երիտասարդները հավաքվում էին դրա շուրջն ու անհամբեր սպասում Տարեհացի կտրելուն:

Այս ծիսական հացը հայտնի էր նաև Կրկենի, Կյոճ, Փուռիկ, Տարի Հաց և այլ անուններով: Տարեհացը պատրաստում էին տարբեր միջուկներով՝ չամիչ ընկույզ, մեղր, կանեփ կամ՝ առանց միջուկի: Տարեհացի երեսին կենդանիների կամ տաճարների պատկերներ էին ձևավորվում, հացը լինում էր կլոր, խաչաձև, ձվաձև, եռանկյունի կամ քառակուսի: Տարեհացի մեջ մի նշան էր դրվում՝ կոպեկ, կոճակ, կորիզ կամ լոբի: Հետո այն կտրում էին տան անդամների քանակով, հաճախ հաշվում էին նաև ընտանի կենդանիներին, և ում որ բաժին ընկավ նշանը, նրան երջանկությունը կուղեկցեր ողջ տարի: Նշանի տերը ծիսական նշանը պիտի իր մոտ պահեր ողջ տարի: Եթե կտրելիս դանակը դեմ էր առնում նշանին, նշանակում էր` տարվա առատությունը գութանից, այսինքն՝ երկրագործությունից կգար:

Անկախ հին և նոր ավանդույթներից, հիշենք, որ Ամանորն ընտանեկան տոն է և շրջապատենք մեր մտերիմներին սիրով, ջերմությամբ և հոգատարությամբ։

Պատկերի նախադիտում

Տարօրինակ ամանորյա ավանդույթներ աշխարհի տարբեր ծայրերից 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *